ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կտավներ՝ ինչպես էքսպրոմտ գրված բանաստեղծություններ. Հասմիկ Սարգսյան

Կտավներ՝ ինչպես էքսպրոմտ գրված բանաստեղծություններ. Հասմիկ Սարգսյան
11.09.2022 | 11:38

Ռաֆայել Ջավախյանի ստեղծագործությունների՝ գեղանկարների և քանդակների դիտումը մեկ անգամ ևս առիթ է տալիս մտորելու հանկարծաստեղծ արարման շուրջ, քանի որ, ինչպես գեղանկարիչն է ընդգծում, իր բոլոր գործերը ստեղծել է առանց նախապատրաստման, շատ արագ՝ բացարձակապես վերանալով իրականությունից, ապրումի գերլարվածությամբ, ասես՝ ամեն անգամ հոգեպես պոկվելով իր իսկ մարմնեղեն էությունից։

Իր գեղանկար կտավները հայրենի աշխարհից ոգեշնչումներ են, որոնք վառ-բխուն, խիտ երանգներով ոչ միայն իրականության արտացոլանքն են, այլ երբեմն՝ աբստրահարման աստիճանի ընդհանրականացված գունապատկերներ։ Սակայն հարազատ բնաշխարհի, գյուղաշխարհի անկյունները ճանաչելի են, երբեմն էլ այն տպավորությունն ունես, թե ուղղակի կտավին արձանագրում է այն թանկն ու անկրկնելին, որը վտանգված է, որը սիրելու, փայփայանքով պահելու, որը պաշտպանելու կարիքն ունի։


Լոռվա զավակ է Ռաֆայել Ջավախյանը․ ինչպես որ պահապան է եղել իր երկրին՝ որպես Արցախյան շարժման մասնակից, այնուհետև, լրացնելով ազատամարտիկների շարքերը, որդիական նվիրվածությամբ պահպանել է Ալավերդի քաղաքի պատկերասրահի գանձերը՝ համառորեն պայքարելով, որ մշակույթի այս օջախը չփակվի, չփոշիանա։ Իր համոզմամբ՝ ցանկացած բնակավայրի դեմքն իր մշակույթն է, իսկ պատկերասրահը կորցնելը նշանակում էր կորցնել այդ յուրահատուկ դիմագիծը։ Ու արդեն 36 տարի տնօրինելով Հայաստանի պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը՝ նա պահապանն ու մշակն է իրեն վստահված մշակույթի օջախի։ Ասում է՝ շատ արվեստագետների է ներկայացրել նրանում, սակայն ինքը հաճախ է ձեռնպահ մնացել սեփական արվեստը ցուցադրելուց։ Իր զավակների պնդմամբ էր 2021-ին նախաձեռնել Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում իր արվեստի ցուցադրությունը։ Այն Ջավախյան կերպարվեստագետի ստեղծագործության համահավաք պատկերն էր ու յուրահատուկ ամփոփումը։ Կանգ առնելով կտավի կամ քանդակի առջև՝ սիրում է բարձրաձայնել ապրումները, որոնք ունեցել է այս կամ գործը ստեղծելիս։ Ասենք, Արագածի վեհափառ գագաթներն իրեն երևացել են մշուշված, ցերեկվա ժամին մութն ու լույսն այնպես են իրար հաջորդել, որ թվացել է՝ երեկո է։ Կտավին այս ամենը կենդանի արտացոլված է։ Եվ դիմել է Աստծուն՝ աղերսելով՝ հնարավորությու՛ն տուր տեսնելու լեռանն իջած լույսը․ և գագաթների վերև երկինքը պարզվել է․․․


Ալավերդու պատկերաշարերը մեկը մյուսից զանազան են՝ օրվա և եղանակների տարբերություններով, դիտակետերի ընտրությամբ, սրանցով պայմանավորված՝ Լոռվա լեռնաշխարհը գուներանգների լայն սպեկտրով ներկայացված։ Նույնը՝ գյուղաշխարհի պատկերներում է․ անգամ լքված բնակավայրը կենդանի, շնչող գույներով է արված, ու ոչ թե սուգ ու ցավ կա նրանում, այլ՝ գեղեցկություն, գույնի պայծառություն։ Ամեն կտավում նշմարվում է սերը, որ բազմազան արտահայտություններ ունի՝ գուներանգների ընտրության և զգացմունքների առատության առումով, բնաշխարհի անկրկնելիության ու վեհության ընդգծմամբ, գյուղաշխարհի պայծառ և անդրդվելի խաղաղությամբ:


Ռաֆայել Ջավախյանի ծաղկանկարները չես շփոթի այլոց նատյուրմորտների հետ․ գույնի առատություն, որում վառ, ցայտուն ցոլանքները, որքան էլ խիտ, սակայն ցցուն չեն, այլ՝ քնքշության տեսանելի մեղեդահյուսքեր։ Դաշտային ծաղիկների խուռն համադրումներով կտավները բնավ արտապատկերներ չեն․ որքան էլ կենդանի կերպով հաղորդում են նոր քաղված փնջերի գունասփյուռն ու բույրը, դրանք, սակայն, տրամադրության աբստրահարումներ են, որտեղ կարևորը մանրամասնի ճշգրտությունը չէ, այլ սփռուն հուզահոսքը, այն երանավետ, խաղաղ անկյունը, որում ապաստանում ես՝ ներքին խռովքներդ թոթափելու համար: Թե բանաստեղծական տողով պատկերես, տրիոլետներ կլինեն․
Ռաֆայել Ջավախյանը նաև քանդակագործ է՝ փոքր և մեծ չափի քանդակների հեղինակ։

Ստեղծել է նաև խաչքարեր, պատրաստել մկրտության ավազաններ, Ախթալայի և Հաղպատի եկեղեցիների մուտքերի դռները։ Ալավերդու քաղաքային այգում է կանգնած դեռևս 1996-ին իր կերտած Քաջ Նազարի արձանը։ Աղճատված դիմագծերով, անբնականորեն փքված որովայնով, գլխից վար սահող թագով՝ այն զուտ հայտնի հեքիաթի պարծենկոտը չէ, այլ մերօրյա պատեհապաշտության, ընչաքաղցության, գոռոզամտության, անմտության յուրահատուկ այպանումը։ Թումանյանական կերպարին հեղինակի այս անդրադարձը միակը չէ․ համայն հայոց բանաստեղծի իմաստնությունն ու կյանքի մասին խոհերն է մարմնավորել «Հառաչանք» պոեմի քնարական հերոսի՝ ծերունու կերպարով։ Երկու քանդակն էլ տուֆից են։ Կորացած մեջքով ծերունին՝ ծխացող չիբուխով, զուտ գրական երկի պատկերային կերպավորումը չէ, և ոչ էլ «համբերանքի»՝ ավանդական բարոյախրատաբանություն, այլ նաև հայացք՝ հայ ազգի մերօրյա ապրումներին, տառապագին ընթացքին։ Արձանը կանգնած է Սանահինի 12-րդ դարի Քարե կամրջի հարևանությամբ և քաղաքի մշակութային դեմքի անքակտելի մասնիկն է։
Նրա գեղարվեստական փորագրությունները երկու եկեղեցիների մուտքերի դռներին որպես լավագույն օրինակներ են բերվում մասնագիտական գրականությունում․ դրանք, որքան բարդ փորագրանկար, խորհուրդ կրող պատկերազարդ են, նույնքան վեհորեն զուսպ և ազդեցիկ են, և այդ տպավորությունն են ստանում թե՛ հավատավորները, թե՛ այլադավաններն ու անհավատ-անդավանանքները, երբ ամուր ծխնիներով ամրացված դռներն են ծանրորեն բացում՝ մուտք գործելով մեր վանքերը։


Երկիր մոլորակի՝ մարդու կողմից ապականման մասին մտահոգությունը նույնպես ստեղծագործության թեմա է դարձել, բայց ո՛չ պլակատի լեզվով, այլ մանրաքանդակի, որում մարդն իր արտաթորանքն է վիթում երկրագնդի վրա։ Գուցե թե սա կարելի է նաև երկիմաստ կերպով մեկնաբանել․ ի վերջո, մարդկանց այպանելի վարքն ու բարքը հակընդդեմ են հենց բարոյական և մշակութային արժեքներին, և հենց այդ մասին ևս ակնարկում է արվեստագետը՝ գործածելով այս այլաբանությունը։


Անդրադարձել է նաև հայ մեծերի, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի և Կոմիտասի կերպարներին։ Մարմնաձևերի նշմարումով՝ անմշակ քարակտոր հիշեցնող քանդակում տեսնում ենք իրարու բերված ձեռքեր և քամահար, արտահայտիչ գլուխ՝ սարոյանական ամենից բնորոշ դիմագծերի ընդգծվածությամբ։ Տառապանքի մարմնացումն է Կոմիտասի արձանը․ ե՞րգ է ասում, թե՞ իր ներքին լռությունն ընթերցում, «Անտունիի» հնչմա՞մբ է ոգորում, թե՞ անտես խաչելությանն է գամված․․․ «Սիրտս նման է էն փլած սներ․․․»՝ կարծես մրմնջում է քարեղեն լեզվով:
Քանդակագործի համար նյութի ընտրությունը ևս պահի թելադրանքով է պայմանավորված։ Դեպի իր արմատներն է գնում՝ ծերությունից կորացած պապին պատկերելիս։ Հոր գլուխը քանդակել է հողից․ այդ պահին բերքահավաքով էր զբաղված, ու գաղափարը տվել է հենց հողը։ Եվ սրանում ես մեծ խորհուրդ եմ տեսնում։ Հողն է հուշում՝ դու՝ հողեղենդ, պահիր և սերունդներիդ փոխանցիր այն, ինչն անհիշելի ժամանակներից քեզ ժառանգել են նախնիներդ․ այդ հողը քո նախնյաց փոշիացած ոսկերքն են, որ հումուս են դարձել վրան աճող ծառի, ծաղկունքի, պտղի։ Արմատներ ձգիր այս հողում, որպեսզի մի օր քո հայ սերունդն ապագա պտղահավաքներին հող դարձած քո մարմինը քանդակեղեն պատկերով ներկայացնի՝ իբրև եկող ժամանակների նոր արվեստ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13981

Մեկնաբանություններ